Երևանի հողերի ռադիոակտիվությունը։ Ռադիոլոգիական և երկրաքիմիական գնահատում
Ամփոփագիր
Հայաստանի մայրաքաղաք Երևանի բազմաֆունկցիոնալ երկրաքիմիական հանույթի հողային նմուշների կիրառմամբ ուսումնասիրվել է բնական ռադիոնուկլիդների (226Ra, 232Th, 40K) և արհեստածին 137Cs–ի տարածաբաշխումը։ Ռադիոնուկլիդների ակտիվության որոշման համար կիրառվել է բարձր մաքրության գերմանիումային դետեկտորով գամմա սպեկտրաչափական համակարգ։ Կոմպոզիցիոն տվյալների վերլուծության, երկրաքիմիական քարտեզագրման և ռադիոլոգիական գնահատման մեթոդների համադրությամբ բացահայտվել են տեխնոլոգիապես ավելացված բնական ռադիոակտիվության հնարավոր գործոններն ու շրջակա միջավայրում 137Cs-ի և բնական ռադիոնուկլիդների առկայությամբ պայմանավորված բնակչության քաղցկեղածին ռիսկը։ Վիճակագրական վերլուծությունն եւերկրաքիմիական քարտեզագրման մեթոդներով հաստատվել է հողառջացնող ապարների զգալի ներդրումը քաղաքային հողերում բնական ռադիոնուկլիդների ակտիվության տարածաբաշխման մեջ։ Հաշվարկված ռադիոլոգիական ցուցանիշների և ճառագայթահարման դոզաների տարածաբաշխումը համապատասխանում է բնական ռադիոնուկլիդների տարածաբաշխման օրինաչափություններին։ 137Cs ակտիվությունը համապատասխանում է ուսումնասիրված բարձրությունների համար բնորոշ միջակայքին։ 137Cs-ի հիմնագծային արժեքներից բարձր ակտիվություն արձանագրվել է քաղաքի հյուսիսարևմտյան և արևմտյան հատվածներում, ակտիվության մակարդակը բնորոշ է գլոբալ ռադիոակտիվ նստեցումներից հողերում 137Cs-ի պարունակությանը։ Երևանի քաղաքային հողերն ընդհանուր առմամբ ռադիոլոգիապես անվտանգ են, սակայն հրաբխածին ապարների վրա զարգացած հողերում բնական ռադիոնուկլիդների ակտիվությունները հանդիսանում են բնակչության շարունակական ճառագայթահարման հիմնական աղբյուր։ Կյանքի ընթացքում հավելյալ քաղցկեղածին ռիսկի գործոնի արժեքները գերազանցել են համաշխարհային միջին ցուցանիշները։
https://doi.org/10.1016/j.chemosphere.2020.129173