Ռադիոնուկլիդների բաշխումը հողի շերտերում և գետերի հատակային նստվածքներում Արագած լեռնազանգվածի օրինակով (Հայաստան)
Ամփոփագիր
Բնական և արհեստածին ռադիոնուկլիդների տարածաբաշխման և շարժունակության ըմբռնումը հողում և գետերի հատակային նստվածքներում կարևոր նշանակություն ունի շրջակա միջավայրի մոնիթորինգի և ճառագայթային ռիսկերի գնահատման համար։ Սույն հետազոտությունը ուսումնասիրում է K-40, Ra-226, Th-232 և Cs-137 ռադիոնուկլիդների ուղղահայաց բաշխումը Հայաստանի Արագած լեռնազանգվածի հողերում և գետերի հատակային նստվածքներում, որը միջուկային էներգիայի զարգացման տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող տարածք է։ Հետազոտության նպատակն է սահմանել ռադիոնուկլիդների ելքային մակարդակները, գնահատել դրանց շարժունակությունը և վերլուծել շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցությունները։ Հողի և նստվածքների նմուշներն ուսումնասիրվել են ռադիոնուկլիդների ակտիվության տեսանկյունից՝ կիրառելով գամմա սպեկտրաչափը՝ բարձր մաքրության գերմանիումային (HPGe) դետեկտորով։ Տարածաբաշխման օրինաչափությունների և հնարավոր ազդող գործոնների գնահատման համար կիրառվել են նկարագրական վիճակագրական մեթոդներ և ոչ պարամետրական թեստեր։ Արդյունքները ցույց են տալիս, որ հողում բնական ռադիոնուկլիդների ակտիվությունները կայուն են տարբեր խորություններում, ինչը վկայում է դրանց բաշխման վրա երկրաբանական գործոնների գերակշռող ազդեցության մասին։ Cs-137-ը հիմնականում կուտակված է հողի վերին շերտերում (0–10 սմ) և ցույց է տալիս սահմանափակ ուղղահայաց միգրացիա. խոր շերտերում արձանագրվել է դրա ակտիվության տասապատիկ նվազում։ Կալիումի, ռադիումի և թորիումի տարրային կոնցենտրացիաները հիմնականում ցածր են համաշխարհային միջին ցուցանիշներից, իսկ բնական ռադիոնուկլիդների գեոակումուլյացիոն ինդեքսի համաձայն՝ Արագած լեռնազանգվածի մակերեսային հողը գործնականում չաղտոտված է։ Գետերի հատակային նստվածքների վերլուծությունը ցույց է տալիս, որ արագահոս լեռնային գետերում բնական ռադիոնուկլիդների ակտիվությունն ավելի բարձր է, իսկ Հայկական Ատոմային Էլեկտրակայանի մոտակայքում Cs-137-ի ակտիվությունը մնում է հայտնաբերման շեմից ցածր։ Ամենաբարձր կոնցենտրացիաները արձանագրվել են բարձրալեռնային նստվածքներում, ինչը համապատասխանում է գլոբալ ռադիոակտիվ տեղումների տարածման օրինաչափություններին։ Այս արդյունքները հիմք են ստեղծում տարածաշրջանում ապագա ռադիոէկոլոգիական մոնիթորինգի համար՝ հատկապես Հայաստանի միջուկային էներգետիկ զարգացման համատեքստում։ Հետազոտությունը պատկերացում է տալիս հողում և նստվածքներում ռադիոնուկլիդների վարքի մասին, նպաստելով տարածաշրջանային էկոլոգիական գնահատումանը և միջսահմանաին ջրային ռեսուրսների կառավարմանն ուղղված ջանքերին։ Ապագայում անհրաժեշտ է կատարել երկարաժամկետ մոնիթորինգ և կիրառել երկրաքիմիական մոդելավորում՝ փոփոխվող բնապահպանական պայմաններում ռադիոնուկլիդների շարժունակության կանխատեսումը բարելավելու նպատակով։