Երևան քաղաքի հողում բնական և տեխնոգեն ռադիոնուկլիդների ակտիվության կոնցենտրացիայի բազմաբեկորային (մուլտիֆրակտալ) հատկություններն ու ստոխաստիկ ռիսկի գնահատումը
Ամփոփագիր
Երևանի՝ Հայաստանի մայրաքաղաքի, քաղաքային հողերում ուսումնասիրվել են բնական ռադիոնուկլիդների (U-238, Th-232, K-40) և տեխնածին Cs-137-ի տարածաբաշխման օրինաչափությունները և ֆոնային ակտիվության միջակայքերը։ Ռադիոնուկլիդների ակտիվության տարածաբաշխման օրինաչափությունները վերհանելու և վերլուծելու համար կիրառվել է բազմաֆրակտալ IDW մեթոդը (Multifractal Inverse Distance Weighting, MIDW)։ Շրջակա միջավայրում ռադիոակտիվության տվյալների Ֆուրիեի փոխակերպման հիման վրա կատարվել է նաև սպեկտրալ վերլուծություն՝ ֆոնային/հիմնագծային տեղական կարգաշեղումներից տարանջատելու նպատակով։ Հայտնաբերվել են Երևանի տարածքի համար բնորոշ երկու տիպի ֆոնային տարածքներ։
Մասնավորապես, Երևանի հարավում և հարավ-արևելքում՝ նստվածքային ֆորմացիաների առկայության պայմաններում, U-238, Th-232 և K-40-ի ավելի ցածր ֆոնային միջակայքները կազմել են համապատասխանաբար՝ 2.60–36.42 Բք/կգ, 4.04–30.63 Բք/կգ և 147.7–396.7 Բք/կգ։ Ի հակադրություն՝ քաղաքի կենտրոնական և հյուսիսային հատվածներում, որտեղ երկրաբանական հիմքը կազմում են անդեզիտ-բազալտային լավաները և իգնիմբրիտային տուֆերը, ռադիոնուկլիդների ակտիվությունները զգալիորեն բարձր են՝ հասնելով համապատասխանաբար 142.4, 138.76 և 1502 Բք/կգ։
Ինչ վերաբերում է արհեստական Cs-137-ի տարածաբաշխմանը, ապա դրա հիմնագծային մակարդակները Երևանի տարածքում հիմնականում պայմանավորված են գլոբալ ռադիոակտիվ նստվածքներով և որոշ տեղային տեխնածին աղբյուրներով։ Նրա տարածման օրինաչափությունները տարբերվում են բնական ռադիոնուկլիների պատկերից։
Հետազոտության շրջանակում գնահատվել և քարտեզագրվել են նաև ռադիումի համարժեք ակտիվությունը (RaEq), կլանված դոզան (ODRA) և տարեկան արդյունարար համարժեք դոզան (AEDEs)։ Այս ցուցանիշների տարածական փոփոխականությունը նշանակալիորեն կոռելյացվում բնական ռադիոնուկլիդների տարածաբաշխման օրինաչափություններին։
Ստոխաստիկ քաղցկեղածին ռիսկի գնահատման համար կիրառվել է Մոնթե–Կառլո մոդելավորումը։ Զգայունության վերլուծությունը ցույց է տվել, որ բնական ռադիոնուկլիդներից տարեկան արդյունարար դոզայի մեջ առավելագույն ներդրումն ունեն U-238-ը (45.7%) և Th-232-ը (42.8%)։ Համեմատաբար, K-40-ի ներդրումը նվազագույն է՝ ընդամենը 11.3%։ Իսկ Cs-137-ի ներդրումը առողջության ռիսկի մեջ գրեթե աննշան է՝ կազմելով ընդամենը 0.02%։