Խմելու ջրում ռադոնի վտանգի գնահատում. համապարփակ մոտեցում՝ դետերմինիստական և հավանականության մեթոդների ինտեգրմամբ՝ ջրի սպառման ռեժիմների համատեքստում

Ամփոփագիր
Սույն հետազոտության նպատակն էր պարզել Երևան քաղաքի խմելու (ծորակի) ջրում ռադոնի ակտիվության տարածաժամանակային բաշխման օրինաչափությունները և գնահատել ռադոնով պայմանավորված ռիսկերն՝ օգտագործելով ինչպես դետերմինիստական, այնպես էլ հավանականության վրա հիմնված մոտեցումներ։ Հետազոտությունն իրականացվել է՝ համակցելով մեկ տարվա ջրում ռադոնի ակտիվության մոնիտորինգի տվյալները երևանցիների ջրի սպառման սովորույթների հետ։ Վերջիններս որոշվել են սննդի հաճախականության հարցաթերթիկի միջոցով:
Արդյունքները բացահայտեցին ռադոնի ակտիվության մակարդակների նշանակալի տարբերություններ վարչական շրջանների միջև։ Ամենաբարձր միջին ակտիվությունը արձանագրվել է Դավթաշենում (7.07 Բք/լ), իսկ ամենացածրն՝ Քանաքեռ-Զեյթունում (1.57 Բք/լ)։ Մոնիտորինգի ժամանակահատվածում տարածաժամանակային փոփոխականության ընդհանուր օրինաչափությունները ցույց են տվել, որ ռադոնի մակարդակն ավելի բարձր է քաղաքի հյուսիսային և արևմտյան հատվածներում՝ ի տարբերություն արևելյան և հարավային մասերի, ինչը վկայում է խմելու ջրի տարբեր աղբյուրների մասին։
Ռադոնով պայմանավորված ռիսկի գնահատումը՝ դետերմինիստական մոտեցմամբ (ռադոնի ներշնչում, կլանում և արյան մեջ ռադոնի լուծմամբ պայմանավորված գումարային արդյունարար դոզա), ցույց է տվել, որ բոլոր ցուցանիշների արժեքները մնում են անհատի դոզայի չափանիշից (IDC՝ 0.1 մԶվ/տարի) ցածր։ Սակայն Մոնտե–Կառլո մոդելավորման արդյունքները ցույց են տվել, որ որոշ ջրի սպառման խմբերի դեպքում կա այդ շեմը գերազանցելու հավանականություն։ Մասնավորապես, այն երևանցիները, ովքեր օրական խմում են ավելի քան 3 լ ջուր, և սպառում են ամենաբարձր հայտնաբերված ակտիվությամբ ջուր (11.4 Բք/լ), ունեն IDC-ն գերազանցելու 86.26% հավանականություն։ Օրական 2.1 լիտր ջուր սպառող բնակիչների դեպքում այդ հավանականությունը կազմում է 7.02 %։
Ուսումնասիրությունը ընդգծում է ռադոնի մոնիտորինգի ժամանակ կիրառվող մեթոդաբանության և սկզբունքների կարևորությունը, հատկապես՝ ջրի իրական սպառման տվյալները և ռիսկերի գնահատման տարբեր մեթոդները։ Վատթարագույն սցենարի արդյունքները դիտարկելով՝ առաջարկվում է սահմանափակել ծորակի ջրի օրական սպառումը մինչև 3 լիտր, ինչպես նաև՝ ավելի երկար ժամանակ բաց թողնել ծորակը՝ ջրում ռադոնի մակարդակները նվազեցնելու նպատակով։ Հետազոտությունն ընդգծում է շարունակական մոնիտորինգի անհրաժեշտությունը ռադոնի ակտիվության փոփոխականության պայմաններում և արժեքավոր տվյալներ է տալիս ռադոնային ազդեցության գնահատման, ռիսկերի մեղմացման և հանրային առողջության ապահովման համար անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ։
https://doi.org/https://doi.org/10.1016/j.scitotenv.2024.175217