🌱#Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնն ամփոփեց նախագծային աշխատանքները

13.10.2026


COP17-ին ընդառաջ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում տեղի ունեցավ GLOBE ծրագրի մեթոդաբանությամբ իրականացված նախագծային աշխատանքների ամփոփիչ միջոցառումը, որը կազմակերպել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի Կրթություն հանուն կայուն զարգացման ամբիոնը։

📚Միջոցառումը մեկտեղեց ամիսներ շարունակ իրականացված աշխատանքը, որի ընթացքում ուսուցիչներն ու աշակերտները GLOBE ծրագրի մեթոդաբանությամբ իրականացրել են դիտարկումներ, հավաքագրել տվյալներ, վերլուծել արդյունքները և ձևակերպել իրենց հետազոտությունների եզրակացությունները։ Միջոցառման ամենաջերմ հատվածը, անկասկած, ուսուցիչների անկեղծ պատմություններն ու տպավորություններն էին։ Նրանք ներկայացրին ոչ միայն իրենց իրականացրած նախագծերի վերջնական արդյունքները, այլև այն ճանապարհը, որն անցել էին՝ ինչպես էին կազմակերպել ուսումնասիրությունը, ինչ դժվարությունների էին հանդիպել, ինչ չէր ստացվել առաջին փորձից և ինչպես էին կարողացել հաղթահարել այդ դժվարությունները։ Յուրաքանչյուր պատմության մեջ առանձնահատուկ էր հենց գործընթացը՝ հարցից դեպի դիտարկում, դիտարկումից՝ տվյալների հավաքագրում, տվյալներից՝ վերլուծություն, իսկ վերլուծությունից՝ եզրակացություն։

✨Այս աշխատանքների կարևորությունն այն է, որ աշակերտները հետազոտական գործընթացում հանդես են եկել ոչ միայն որպես գիտելիք ստացողներ, այլև որպես դիտարկողներ, տվյալներ հավաքագրողներ, վերլուծողներ և հետազոտողներ։ Միջոցառումը դարձավ նաև ուսուցիչների փորձի փոխանակման կարևոր հարթակ․ նրանց պատմությունները ցույց տվեցին, որ նախագծային աշխատանքը միայն պատրաստի արդյունքը չէ։ Այն նաև փորձելու, սխալվելու, վերանայելու, նոր լուծումներ գտնելու և աշակերտների հետ միասին առաջ շարժվելու գործընթաց է։

🌱 COP17-ին ընդառաջ իրականացված այս նախագծերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե ինչպես կարող է GLOBE-ի հետազոտական մեթոդաբանությունը բնապահպանական կրթությունը դարձնել ավելի հետաքրքիր, կիրառական, հետազոտական և իրական կյանքի խնդիրներին մոտ։ Միջոցառումն ամփոփեց մոտ երեք ամիսների ընթացքում Հայաստանի 38 դպրոցներում կատարված աշխատանքը, բայց միաժամանակ դարձավ նոր հետազոտությունների, համագործակցության և շարունակական աշխատանքի մեկնարկային կետ։

📚ՀԳ. Ծրագրի արդյունքները՝ թվերով

Յունեսկօ-ի ամբիոնի վերապատրաստումներին մասնակցել են 206 ուսուցիչներ,
Ծրագիրը դպրոցներում սկզբից մինչև վերջ իրականացրել են 29 դպրոցների 51 ուսուցիչներ, նախագծերի իրականացմանը մասնակցել են 242 աշակերտներ։