Մեկնարկել է Ա. Սաղաթելյանի հիշատակին նվիրված երիտասարդական միջազգային 7-րդ աշնանային դպրոցը

02.10.2026

Այսօր Աղվերանում մեկնարկեց երկրաբանական-հանքաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի հիշատակին նվիրված երիտասարդական միջազգային 7-րդ աշնանային դպրոցը։ Այս տարվա դպրոցի թեման է «Շրջակա միջավայրի գիտություններ. սննդի ռիսկի և օգուտի գնահատում՝ ԵՄ առաջատար փորձ»։

Դպրոցի բացման ընթացքում Էկոկենտրոնի տնօրեն, ամբիոնի վարիչ, դասախոս, աշխ.գ.թ. Լիլիթ Սահակյանը ներկայացրեց դպրոցի նպատակները, ակնկալիքներն ու օրակարգը։ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագիտական խմբի ղեկավար, դասախոս, ք.գ.թ., դոցենտ Արուսյակ Ալեքսանյանը ներկայացրեց ծրագրի հիմնական ուղղություններն ու նախատեսվող աշխատանքները։ Մեկնարկային հանդիպման ընթացքում մասնակիցները ծանոթացան դպրոցի առաջիկա գործունեությանը, թեմատիկ ուղղություններին և ծրագրի օրակարգին։

Դպրոցի առաջին օրը ներառեց շրջակա միջավայրի, սննդի անվտանգության, սննդային ռիսկերի և դրանց իրավական կարգավորման վերաբերյալ մի շարք մասնագիտական դասախոսություններ։

Էկոկենտրոնի տնօրեն, աշխ.գ.թ. Լիլիթ Սահակյանը ներկայացրեց «Շրջակա միջավայրի գիտություններ և սնունդ․ ներածություն» թեման՝ անդրադառնալով շրջակա միջավայրի և սննդի համակարգերի փոխկապակցվածությանը։

Էկոկենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր (Իտալիա) Դավիթ Պիպոյանը ներկայացրեց «Սննդի անվտանգություն և սննդի սպառում․ սպառման վարքագծից մինչև սննդային ռիսկեր» և «Պարենային անվտանգություն, սննդի սպառում և ԵՄ պարենային իրավունք» թեմաները: 

Էկոկենտրոնի Պարենային անվտանգության և սննդային նյութերի գնահատման խմբի ղեկավար, տեխ.գ.թ. Մելինե Բեգլարյանը ներկայացրեց «Սննդամթերքի աղտոտման ձևերը և վտանգների տեսակները» և «Սննդամթերքի անվտանգության քիմիական ռիսկի գնահատում» թեմաները՝ ներկայացնելով սննդամթերքի անվտանգությանն առնչվող հիմնական վտանգներն ու ռիսկերի գնահատման մոտեցումները։

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Ա. Իսկոյանի անվան Էկոլոգիական իրավունքի կենտրոնի ղեկավար, ի.գ.թ., Քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Օլիմպիա Գեղամյանն անդրադարձավ «ՀՀ և ԵՄ իրավական համակարգերը և պարենային անվտանգության իրավակարգավորումները․ իրավական հիմքեր և փոխհարաբերություն» թեմային: 

Դպրոցի առաջին օրը մասնակիցներին հնարավորություն տվեց ձևավորել ընդհանուր պատկերացում շրջակա միջավայրի և սննդի համակարգերի փոխկապակցվածության, սննդի անվտանգության և ռիսկերի գնահատման, ինչպես նաև ոլորտը կարգավորող իրավական մեխանիզմների վերաբերյալ՝ հիմք ստեղծելով առաջիկա օրերի մասնագիտական և գործնական աշխատանքների համար։