Լիլիթ Սահակյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում
25.05.2023
2023 թվականի մայիսի 24-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրենի պաշտոնում վերընտրվեց աշխարհագրական գիտությունների թեկնածու Լիլիթ Սահակյանը:
Լիլիթ Սահակյանը ներկայացրեց ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոնի) հիմնական գիտական ուղղությունները, իրականացվող գիտական և կրթական ծրագրերը և զարգացման ռազմավարությունը։ Էկոկենտրոնն իրականացնում է կիրառական և հիմնարար միջառարկայական հետազոտություններ էկոլոգիայի, շրջակա միջավայրի պահպանության, սննդի անվտանգության, գյուղատնտեսության բնագավառներում՝ նորագույն հեռազննման և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:
Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կրթական բաղադրիչն ուղղված է մագիստրական, ասպիրանտական և ոչ ֆորմալ կրթության իրականացմանը:
Կենտրոնի զարգացման պլանով նախատեսվում է․
- Հիմնարար և կիրառական, միջդիսցիպլինար հետազոտություններ, նոր ուղղությունների զարգացում, ընդլայնում
- Կառավարման էլեկտրոնային համակարգի անցում
- Նյութատեխնիկական բազայի ամրապնդում՝ ներառյալ հատկապես լաբորատարիայի վերազինումը
- Գիտակրթական գործունեություն և կադրերի որակավորման բարձրացում, կրթական բաղադրիչի զարգացում
- Միջազգային ինտեգրում և ինովացիոն, տնտեսական գործունեություն
- Քիմիական լաբորատորիայի վերազինում, վերակառուցում՝ հավատարմագրման վերականգնում՝ լրացուցիչ տարածքի հարցի լուծում
- Գիտաչափական արդյունավետության աճի տեմպերի պահպանում
- Գիտության հասարակայնության մակարդակի բարձրացում, նոր կայքի ստեղծում
- Սոցիալական ծրագրերի ակտիվացում
- Կենտրոնի անվանափոխություն հիմնադիր տնօրեն՝ պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի անունով։