Գիտելիք, տեխնոլոգիա և բնապահպանություն․ ավարտվեց V ամառային դպրոցը
04.07.2026
Ավարտվեց Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված «Շրջակա միջավայրի բազմասենսորային հեռազննում» խորագրով V երիտասարդական ամառային դպրոցը։
Հուլիսի 3–4-ը ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում հաջողությամբ անցկացվեց Գ. Տեփանոսյանի հիշատակին նվիրված «Շրջակա միջավայրի բազմասենսորային հեռազննում» խորագրով V երիտասարդական ամառային դպրոցը՝ համախմբելով շրջակա միջավայրի հետազոտության և ժամանակակից հեռազննման տեխնոլոգիաներով հետաքրքրված ուսանողների և երիտասարդ մասնագետների։
Երկօրյա ինտենսիվ ծրագրի ընթացքում մասնակիցները խորացրին իրենց տեսական գիտելիքները և զարգացրին գործնական հմտությունները բազմասենսորային հեռազննման, օպտիկական և լազերային (LiDAR) տվյալների կիրառման, եռաչափ մոդելների կառուցման, ինչպես նաև մակերևութային ծածկի դասակարգման ոլորտներում։
Ամառային դպրոցը մասնակիցներին հնարավորություն տվեց սովորելու ոլորտի առաջատար մասնագետներից, փոխանակելու փորձ և գաղափարներ, ձևավորելու նոր մասնագիտական կապեր, ինչպես նաև քննարկելու շրջակա միջավայրի մոնիթորինգի և հետազոտությունների արդի մոտեցումները։
Ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հավաստագրերով, իսկ դասախոսները՝ շնորհակալագրերով։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր դասախոսներին, կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ակտիվ մասնակցության, հետաքրքիր քննարկումների և ծրագրի հաջող իրականացման գործում ունեցած արժեքավոր ներդրման համար։
Մաղթում ենք բոլոր մասնակիցներին շարունակական հաջողություններ ուսումնառության և մասնագիտական գործունեության ընթացքում՝ վստահ լինելով, որ ամառային դպրոցի շրջանակում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները կնպաստեն նրանց հետագա ձեռքբերումներին։