Բնապահպանական գիտելիքներից մինչև գործնական հմտություններ․ «Շրջակա միջավայրի գիտությունների հիմունքներ» դասընթացը Էկոկենտրոնում
04.08.2026
🌱🌎#Էկոկենտրոնում «Շրջակա միջավայրի գիտությունների հիմունքներ» միկրո-որակավորման դասընթացը շարունակվում է՝ մասնակիցներին զինելով նոր գիտելիքներով և գործնական հմտություններով։
Այս ընթացքում մասնակիցները խորացրել են իրենց գիտելիքները շրջակա միջավայրի գիտությունների, շրջակա միջավայրի թունաբանության, ռիսկի գնահատման, աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման ոլորտներում։
📚 Դասախոսություններով հանդես են եկել Էկոկենտրոնի ՍՇՌԳՏՎ կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը և Էկոկենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, ԱՏՀ և հեռազննման բաժնի ղեկավար, ԵԴԽ (GLOBE) Հայաստանյան աշխատանքների համակարգող, աշխարհագրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Ասմարյանը։
Դասախոսությունների ընթացքում մասնակիցները ծանոթացել են շրջակա միջավայրի թունաբանության հիմունքներին, վտանգավոր նյութերի ազդեցությանը, էկոլոգիական և առողջապահական ռիսկերի գնահատման սկզբունքներին, ինչպես նաև աշխարհագրական տեղեկատվական համակարգերի (ԱՏՀ) և հեռազննման կիրառություններին, դրանց դերին շրջակա միջավայրի մոնիթորինգում, տարածական տվյալների վերլուծության և գիտահետազոտական աշխատանքներում։
💻 Գործնական աշխատանքների ընթացքում մասնակիցները ծանոթացել են ArcGIS Pro, QGIS և Google Earth հարթակների հնարավորություններին, իրականացրել վեկտորային և ռաստրային տարածական տվյալների մշակում և վերլուծություն, աշխատել արբանյակային պատկերների հետ, կիրառել տարածական վերլուծության գործիքներ, հաշվարկել բուսականության և խոնավության ինդեքսներ (NDVI, GNDVI, NDMI), ինչպես նաև ձեռք բերել հմտություններ տարածական տվյալների բազաների ստեղծման, քարտեզագրման և GIS տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ՝ բնապահպանական խնդիրների ուսումնասիրության և լուծման նպատակով։