COP17-ին ընդառաջ. եռօրյա համաժողով ուսուցիչների համար՝ բնապահպանական կրթության և հետազոտահեն ուսուցման զարգացման նպատակով  

22.07.2026

COP17-ին ընդառաջ. եռօրյա համաժողով ուսուցիչների համար՝ բնապահպանական կրթության և հետազոտահեն ուսուցման զարգացման նպատակով
 
Բնապահպանական կրթությունն այսօր դարձել է ժամանակակից դպրոցի կարևորագույն ուղղություններից մեկը։ Այն հնարավորություն է տալիս սովորողներին ոչ միայն ճանաչել շրջակա միջավայրը, այլև զարգացնել հետազոտական մտածողություն, պատասխանատվություն և գիտական տվյալների հետ աշխատելու կարողություններ։ COP17-ին ընդառաջ այս ուղղությունը ձեռք է բերում առանձնահատուկ նշանակություն՝ նպաստելով կրթության միջոցով կայուն զարգացման արժեքների տարածմանը։
Այս նպատակով ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնը  կազմակերպում է եռօրյա համաժողով՝ «COP17-ին ընդառաջ. ուսուցիչների կարողությունների զարգացում շրջակա միջավայրի ուսումնասիրման ոլորտում՝ NASA-ի GLOBE ծրագրի մեթոդաբանությամբ» թեմայով։ Հուլիսի 27,28,29-ին ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի դահլիճում՝ հասցեն Աբովյան 68։
Էկոկենտրոնը՝ որպես NASA-ի GLOBE (Global Learning and Observations to Benefit the Environment) ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, համաժողովի ընթացքում կներկայացնի GLOBE-ի միջազգային գիտական մեթոդաբանությունը՝ որպես հետազոտահեն ուսուցման արդյունավետ գործիք։ Մասնակից ուսուցիչները կձևավորեն գործնական հմտություններ՝ դպրոցում բնագիտական առարկաների շրջանակներում հետազոտություններ պլանավորելու և իրականացնելու, տվյալներ հավաքագրելու ու վերլուծելու, ինչպես նաև հետազոտությունների արդյունքները ուսումնական գործընթացում կիրառելու ուղղությամբ։


Համաժողովի ընթացքում մասնակիցները
կծանոթանան COP17-ի կրթական օրակարգին և բնապահպանական կրթության արդի միտումներին,
կուսումնասիրեն NASA-ի GLOBE ծրագրի միջազգային փորձն ու հետազոտական հնարավորությունները,
գործնականում կկիրառեն GLOBE-ի կենսաբազմազանության հետ կապված մի շարք գիտական միջազգային պրոտոկոլներկսովորեն կազմակերպել շրջակա միջավայրի դաշտային դիտարկումներ և տվյալների հավաքագրում,
կմշակեն դպրոցական հետազոտական նախագծեր,
կծանոթանան բնապահպանական կրթության ինտերակտիվ խաղերին և դրանց կիրառման հնարավորություններին ուսումնական գործընթացում։
Համաժողովի առանձնահատկությունն այն է, որ տեսական գիտելիքները համադրվելու են գործնական աշխատանքի հետ։ Մասնակիցները կաշխատեն իրական հետազոտական առաջադրանքների վրա, կկիրառեն միջազգային գիտական մեթոդաբանություն և ձեռք կբերեն գործիքներ, որոնք անմիջապես կարող են օգտագործել իրենց դպրոցներում։Խրախուսելի է  միևնույն դպրոցից  անգլերենի և բնագիտական առարկաների ուսուցիչների միաժամանակյա  մասնակցությունը հետագայում համատեղ միջառարկայական հետազոտական նախագծեր իրականացնելու  համար։

Համաժողովը հրաշալի հնարավորություն է ուսուցիչների համար՝ ձեռք բերելու միջազգային փորձին համահունչ գիտելիքներ, զարգացնելու հետազոտական կարողությունները և դպրոցներում ձևավորելու բնապահպանական կրթության նոր մշակույթ։
Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել կից հղումով՝

https://forms.gle/CKqEEmqNgznowScLA 

 Համաժողովի ընթացքում մասնակիցները կստանան գործնական ուսումնամեթոդական ռեսուրսներ, որոնք անմիջապես կարող են կիրառել դպրոցում։ Խրախուսելի է  միևնույն դպրոցից  անգլերենի և բնագիտական առարկաների ուսուցիչների միաժամանակյա  մասնակցությունը հետագայում համատեղ միջառարկայական հետազոտական նախագծեր իրականացնելու  համար։


Համաժողովը կազմակերպվում է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի կողմից։ Էկոկենտրոնը հանդիսանում է NASA-ի GLOBE (Global Learning and Observations to Benefit the Environment) ծրագրի պաշտոնական ներկայացուցիչը:
Համաժողովի ավարտին բոլոր մասնակից ուսուցիչները կստանան ուսումնական ռեսուրսներ՝ սեպտեմբերին իրենց դպրոցներում GLOBE-ի մեթոդաբանությամբ հետազոտական նախագծեր իրականացնելու համար։ 
Բոլոր մասնակիցները կստանան Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ամբիոնի կողմից մասնակցության հավաստագիր։ 

Նախագծերը դպրոցներում իրականացնելուց հետո մասնակից ուսուցիչները նաև կարժանանան հատուկ անվանակարգերի և կպարգևատրվեն խրախուսական նվերներով՝ WWF Armenia կազմակերպության կողմից տրամադրված կրթական խաղերով:

Ծրագրի ընթացքը.
Հուլիսի 27-ին՝ ժամը 10։00-13։00  -
Համաժողովի բացման արարողություն՝ COP17-ին ընդառաջ GLOBE ծրագրի հնարավորությունները։

Հուլիսի 28-ին՝ ժամը 10։00-13։00 - 
GLOBE հետազոտական պրոտոկոլներ, NASA-ի GLOBE կենսաբազմազանության պրոտոկոլների կառուցվածքը և կիրառումը։

Հուլիսի 29-ին՝ ժամը 10։00-13։00 -
Դպրոցական հետազոտությունների նախագծում և պլանավորում GLOBE  մեթոդաբանությամբ:
Սեպտեմբերի 10-ից 25-ը 
COP 17-ընդառաջ դպրոցական հետազոտական նախագծի իրականացում  GLOBE  մեթոդաբանությամբ։

Հոկտեմբերի 2-ին՝ Ուսուցչի տոնին ընդառաջ,
Լավագույն նախագծերի ցուցադրություն, պարգևատրում վկայականներով, WWF Armenia  կազմակերպության կողմից խրախուսական նվերների հանձնում։