Սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոն

Դավիդ Պիպոյան

Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար

 

Սննդային շղթաների ռիսկի գնահատման տեղեկատվական վերլուծական կենտրոնը (այսուհետ՝ կենտրոն), ստեղծվել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնում՝ ՀՀ վարչապետի 2010թ․ հոկտեմբերի 11-ի 835-Ն որոշմամբ։ Կենտրոնի ստեղծման հիմնական պատճառներից մեկը ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման համար անհրաժեշտ գիտական, մեթոդական և տեղեկատվական հենքի բացակայությունն էր: Ուստի Կենտրոնն իր ջանքերը կենտրոնացրել է այս խնդրի լուծմանը՝ գիտակցելով գիտամեթոդական հենքի կարևորությունը սննդի շղթայի անվտանգության ապահովման գործում: Կենտրոնը կարևոր դեր ունի սննդամթերքի անվտանգության ռիսկերի գնահատման բնագավառում՝ նպատակ ունենալով գնահատել, բացահայտել և հաղորդակցել հանրային առողջապահական ռիսկերը և նպաստել սպառողների պաշտպանության առավելագույն մակարդակի ապահովմանը:

 

Հետազոտության հիմնական ոլորտներն ընդգրկում են սննդամթերքի անվտանգությանը վերաբերող թեմաների լայն շրջանակ.

  • Սննդամթերքում քիմիական վտանգների՝ շրջակա միջավայրի աղտոտիչների (ծանր մետաղներ, թունաքիմիկատներ), մնացորդային նյութերի (անասնաբուժական դեղամիջոցներ, հակամանրէային նյութեր, հորմոններ) և միկոտոքսինների նույնականացում:
  • Սննդամթերքում քիմիական վտանգների սուր և քրոնիկ ներգործության գնահատում, ռիսկերի դասակարգում:
  • Ընդհանուր սննդակարգային ուսումնասիրություն (ԸՍՈՒ) և սննդակարգային հարցումներ:
  • Սննդամթերքի կեղծումներ ուսումնասիրում։

 

Հատկանշական է, որ 2020 թ-ին մեկնարկած թիմերի ամրապնդման 20TTCG-4A001 ծրագրի շրջանակում ձևավորվել է նոր խումբ, որի գործունեությունն ուղղված է պարենային անվտանգության և սննդանյութերի ընդունման գնահատմանը:

Կենտրոնի աշխատակիցները մշակել և հրատարակել են մի շարք ուղեցույցներ՝ հիմնվելով միջազգային լավագույն փորձի վրա: Կենտրոնն ունի միջազգային համագործակցության լայն շրջանակ. համագործակցում է ոլորտի առաջավոր միջազգային կազմակերպությունների հետ, մասնավորապես՝ ԵՄ սննդամթերքի անվտանգության լիազոր մարմնի (EFSA), Իտալիայի առողջապահության ազգային ինստիտուտի, Տուշայի համալսարանի, Կրակովի գյուղատնտեսական համալսարանի հետ: Միջազգային համատեղ հրապարակումներն ընդգրկում են սննդամթերքի անվտանգության տարբեր թեմաներ։

 

Կենտրոնի համատեղ ջանքերը և արդյունքների փոխանակումը բարելավել են ռիսկերի գնահատման պրակտիկան՝ օգուտ բերելով ոչ միայն Հայաստանին, այլ միջազգային գիտական հանրությանը: Իր համապարփակ հետազոտությունների, միջազգային համագործակցության և գիտական ռեսուրսների շարունակական զարգացման միջոցով, կենտրոնն իր գործունեությունը նպատակաուղղել է ի նպաստ ՀՀ-ում սննդամթերքի անվտանգության պրակտիկայի բարելավմանը:

 

 

Նախագծեր