Արմեն Սաղաթելյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 2-ին Երևանում։
1975 թ.-ին ավարտելով Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակույտետը՝ շուրջ 15 տարի աշխատել է երկրաբանահետախուզական ոլորտի տարբեր կազմակերպություններում՝ անցնելով երկար ուղի՝ ինժեներից մինչև երկրաբանական ջոկատի ղեկավար:
1987 թ.-ին, արտադրությունից չկտրվելով, պաշտպանել է թեկնածուական, իսկ 2000թ.-ին՝ դոկտորական ատենախոսությունը ՌԴ հազվագյուտ տարրերի հանքաբանության, երկրաքիմիայի և բյուրեղաքիմիայի ինստիտուտում (Մոսկվա): 2015թ.-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
1989 թ.-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ՝ որպես առաջատար գիտաշխատող, այնուհետև՝ տեխնոերկրաքիմիայի լաբորատորիայի ղեկավար:
1993թ.-ից հիմնադրել և ղեկավարել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, որն իր գործունեության տարիների ընթացքում դարձել է ազգային և միջազգային նշանակության գիտական օջախ, որտեղ Պրոֆեսորի անմիջական ղեկավարությամբ և ջարքերով ստեղծվել է ազգային գիտական դպրոց՝ շրջակա միջավայրի հետազոտությունների բնագավառում:
Ա. Կ. Սաղաթելյանը ղեկավարել է ազգային և միջազգային բազմաթիվ գիտական թեմաներ, ծրագրեր և նախագծեր (UNESCO, OSCE, NATO, USAID, և այլն):
Գիտական գործունեությանը զուգահեռ Ա.Սաղաթելյանը հանդիսացել է ՀՀ Գերագույն Խորհրդի «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանության հիմնահարցերով» մշտական հանձնաժողովի փորձագետ (1991-1994թթ.), ՄԱԿ-ի ազգային փորձագետ (1996թ.), ՀՀ ԿԳՆ «Երկրի մասին գիտություններ» փորձագիտական հանձնաժողովի գիտական քարտուղար (1997-2008թթ.), Եվրամիության INTAS, ապա FP-7 ծրագրերի «Երկրի մասին գիտություններ» միջազգային նախագծերի գնահատման փորձագետ (1998-2010թթ.), Կովկասի տարածաշրջանային էկոլոգիական կենտրոնի (ք. Թբիլիսի) տնօրենների խորհրդի անդամ (2001-2002թթ., 2005-2006թթ): ՀՀ Գիտության կոմիտեի փորձագիտական հանձնաժողովի «Երկրի մասին գիտություններ» սեկցիայի նախագահ և ՀՀ Վարչապետին առընթեր «Կայուն զարգացման խորհրդի» անդամ էր: 2000թ.-ից Ա.Սաղաթելյանը UNESCO-ի Հայաստանյան հանձնաժողովի «Մարդ և կենսոլորտ (MAB)» ազգային կոմիտեի նախագահն էր:
Ա.Սաղաթելյանը դասավանդել է Մոսկվայի ժամանակակից հումանիտար համալսարանի Երևանյան մասնաճյուղում, Երևանի պետական համալսարանում, 2011 թ.-ից ՀՀ ԳԱԱ Միջազգային գիտակրթական կենտրոնի «Շրջակա միջավայրի պահպանություն և բնօգտագործում» ամբիոնի վարիչն էր:
Նա հանդիսացել է Էկոլոգիայի ու Կենսագործունեության անվտանգության գիտությունների միջազգային ակադեմիայի և ՌԴ Բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, անդամակցել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցացիայի «Աշխարհագրության հիմնարար խնդիրներ» միացյալ գիտական խորհրդին, «Երկրի մասին գիտությունների» Եվրոպական միությանը, Միջազգային երկրաբանական միության «Բժշկական երկրաբանություն» ասոցիացիային, Ամերիկյան քիմիական ընկերությանը և մի շարք այլ մասնագիտական կազմակերպություններին:
Ա.Սաղաթելյանը ելույթներով մասնակցել է 60-ից ավելի միջազգային գիտաժողովներին, ավելի քան 180 գիտական հրատարակումների հեղինակ և համահեղինակ է, այդ թվում՝ 4 մենագրության, 6 ուսումնական ձեռնարկների։ Նա հանդիսացել է գիտական աշխատությունների և գիտաժողովների նյութերի 10 ժողովածուների, ինչպես նաև հայերեն լեզվով տպագրված երկու «Էկոլոգիական բացատրական բառարան»-ների գլխավոր խմբագիր:
Ա.Սաղաթելյանը պարգևատրվել է Միջազգային Ակադեմիական Ռեյտինգի «Պատիվ, փառք, աշխատանք» IV աստիճանի Գեորգիևյան մեդալով (Ուկրաինա 2004թ.), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) Միջազգային Կենսագրական կենտրոնի «Աշխարհի առաջատար գիտնական – 2009» նոմինացիայով, «Անանիա Շիրակացի» ՀՀ պետական մեդալով (2013թ.):